14 մայիսի 2018

Հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ

018թ. մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ, ովքեր հանձնվել են Ազգային անվտանգության ծառայությանը:

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 8-ին` կեսգիշերն անց, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության 6 քաղաքացիներ ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքի հարակից հատվածով հատել են հայ-ադրբեջանական (Նախիջևան) սահմանը, որից հետո բռնվել են հերթապահություն իրականացնող ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից:

Նշված անձինք ցուցմունքներ տալով հայտարարել են, որ աշխատանք գտնելու նպատակով մտադիր են եղել Իրանի տարածքով անցնել Թուրքիա, սակայն մոլորվելով պատահաբար հայտնվել են Հայաստանում:

Բանգլադեշի 6 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը») հատկանիշներով, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ անձանց ինքնությունը պարզելու, ցուցմունքների արժանահավատությունը, սահմանահատման իրական դրդապատճառները, ինչպես նաև ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումներին նրանց առնչությունը ստուգելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ